Իրանում հայտարարել են նավթի ռեկորդային արտահանման մասին՝ չնայած պատժամիջոցներին

Սեպտեմբերի վերջին վերականգնված միջազգային հակաիրանական պատժամիջոցները չեն խանգարի Իսլամական Հանրապետության կողմից նավթի վաճառքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իրանը, հակառակ բազմաթիվ սահմանափակումների, հասել է նավթի արտահանման վերջին մեկ տարվա ռեկորդային ցուցանիշների, իսկ նավթի արդյունահանումն ավելացրել է օրական ավելի քան 120 հազար բարելով: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում, ի հեճուկս բազմաթիվ սահմանափակումների, մի շարք դեպքերում հում նավթի վաճառքի և արտահանման ռեկորդներ ենք սահմանել։ Միաժամանակ, հում նավթի արդյունահանման ոլորտում մենք օրական ավելի քան 120 հազար բարելով աճ ենք ունեցել», - նախարարի խոսքը մեջբերում է Shana գործակալությունը։
Պակնեժադի խոսքով՝ սեպտեմբերի վերջին վերականգնված միջազգային հակաիրանական պատժամիջոցները չեն խանգարի Իսլամական Հանրապետության կողմից նավթի վաճառքին:
Սեպտեմբերի վերջին վերականգնվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը, որոնք ենթադրում էին Իրանի դեմ պատժամիջոցներ: Միջազգային սահմանափակող միջոցների վերականգնման նախաձեռնողներն են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
Սահմանափակումներն ինքնին ենթադրում են Իրանին միջուկային գործունեության հետ կապված տեխնոլոգիաների և նյութերի մատակարարման, երկրին սովորական ծանր սպառազինությունների և բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաների փոխանցման արգելքներ, Իրանի արտասահմանյան ակտիվների սառեցում: