Գազայում զոհվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ևս մեկ աշխատակից

Սեպտեմբերին ՄԱԿ-ի` Օկուպացված պաղեստինյան տարածքում իրադարձությունների հետաքննության միջազգային հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որի համաձայն Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը (MSF) հայտնել է Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով իր 14-րդ աշխատակցի մահվան մասին:
«Այսօր առավոտյան Գազայում՝ Պաղեստինում, իսրայելական ուժերի հասցրած հարվածը խլել է «Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության մեր գործընկեր Օմար Հայեքի կյանքը և լուրջ վնասվածք հասցրել ևս չորս հոգու։ Հարձակումը տեղի է ունեցել փողոցում, որտեղ մեր թիմերը սպասում էին ավտոբուսին, որպեսզի հասնեն Դեյր Էլ Բալախում MSF-ի դաշտային հիվանդանոց: Բոլոր աշխատակիցները կրում էին MSF-ի ժիլետներ, ինչը հստակ վկայում էր այն մասին, որ նրանք մարդասիրական բժշկական մասնագետներ են»,-ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
MSF-ի հայտարարության համաձայն՝ 42-ամյա տղամարդը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տասնչորսերորդ աշխատակիցն է, որը սպանվել է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ տուժած աշխատակիցներից մեկը բեկորային վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում է: Այս ֆոնին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և հրադադար հաստատել։
Գազայի հատվածն իսրայելական հարձակումներից առաջ և հետո
Սեպտեմբերին ՄԱԿ-ի` Օկուպացված պաղեստինյան տարածքում իրադարձությունների հետաքննության միջազգային հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որի համաձայն` Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն են:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
2 տարվա անընդմեջ պատերազմից հետո Գազայի հատվածը 90 %-ով ավերվել է. ՄԱԿ–ի գործակալություն