«Էրեբունի-Երևան 2807». մայրաքաղաքում բազմաթիվ փողոցներ փակ կլինեն

Տոնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 10-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։
Հիշեցնենք՝ «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 10-ից. Երևանի Էրեբունի ամրոց-թանգարանի դիմացի հարթակից կմեկնարկի օդապարիկների փառատոնը:
Տոնական միջոցառումները կշարունակվեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին: Էրեբունի ամրոցի մոտ տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության համերգ՝ տեղացի դիջեյների և իտալացի կատարող Բենի Բենասիի մասնակցությամբ:
Համերգներ կլինեն նաև քաղաքի այլ կետերում․ Կասկադում՝ ջազ, Դիանա Աբգարի պուրակում՝ ռոք համերգ, Օպերայի մոտ՝ դասական երաժշտություն, իսկ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա երգիչ Թաթա Սիմոնյանը: