ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի մարտական անօդաչուն անցած գիշեր փորձել է գրոհել Նովովորոնեժի ԱԷԿ-ի հովացման աշտարակը, ԱԹՍ-ն տեխնիկական միջոցներով ճնշվել է։ Այս մասին հայտնում է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնը (ՌԴ բոլոր ԱԷԿ-ների օպերատոր, «Ռոսատոմի» էլեկտրաէներգետիկական համակարգ)։
«Հոկտեմբերի 6–ի լույս 7-ի գիշերը Նովովորոնեժի ԱԷԿ-ի տեղակայման շրջանում տեխնիկական միջոցներով ճնշվել է Ուկրաինայի զինված ուժերի մարտական անօդաչու թռչող սարք։ Արդյունքում ԱԷԿ-ի գործող №6 էներգաբլոկի գոլորշիացնող աշտարակի հետ բախումից հետո տեղի է ունեցել ԱԹՍ-ի պայթյուն: Ավերածություններ և տուժածներ չկան, այնուամենայնիվ, հովացման աշտարակի վրա պայթյունի հետևանքներից հետք է մնացել», - ասվում է «Ռոսէներգոատոմի» պաշտոնական տելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։