ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանն ու Մերձբալթյան երկրներն անուղղակիորեն հրահրել են Ուկրաինայում զինված հակամարտության սկիզբը, Վարշավայի և Բեռլինի հարաբերությունների վատթարացման պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
«Տիկին Մերկելի միջամտությունը զայրույթ է առաջացրել Լեհաստանում, քանի որ նախկին վարչապետներից մեկը ենթադրել է, որ Ռուսաստանի հանդեպ նրա բարեհոգությունը լուրջ վնաս է հասցրել եվրոպական անվտանգությանը»,-գրել են լրագրողները:
Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլերը հունգարական Partizán YouTube-ալիքին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը սաբոտաժի են ենթարկել ուկրաինական ճգնաժամի լուծման և Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության որոնման փորձը, ինչով անուղղակիորեն հրահրել են հակամարտությունը: Նա նաև վստահություն էր հայտնել, որ այն պնդումները, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Պուտինի տրոյական ձին է», անհեթեթություն են: Նրա կարծիքով՝ Եվրոպայի երկրները նման բանով չէին խաբվի։
Բացի այդ, քաղաքական գործիչը կորոնավիրուսն անվանել է Եվրոպայում քաղաքական ճգնաժամի սրման և Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության բռնկման հիմնական պատճառներից մեկը: Մերկելը կարծում է, որ համավարակն անհնար էր դարձրել ԵՄ երկրների ղեկավարների դեմ առ դեմ խորհրդակցություններն ու անհատական հանդիպումները։