ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 184 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հիմնական մասը խոցվել է Կուրսկի մարզի տարածքում՝ 62 ԱԹՍ։ Եվս 31-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 30-ը՝ Նիժնի Նովգորոդի, 18-ը՝ Վորոնեժի մարզի տարածքներում, 13-ը՝ Սև ծովի ջրատարածքում, վեցը՝ Լիպեցկի մարզի, հինգը՝ Կալուգայի մարզի տարածքում, չորսը՝ Տուլայի, երեքական՝ Ռոստովի և Ռյազանի, երկուական՝ Բրյանսկի և Օրյոլի մարզերի, մեկը՝ Վոլոգոդայի մարզի տարածքում, ինչպես նաև երկուական՝ Ղրիմի և Մոսկվայի տարածաշրջանների տարածքում, ընդ որում դրոններից մեկը թռչում էր դեպի մայրաքաղաք։
Ի պատասխան քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների՝ ռուսական զորքերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։