Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի խոսքով` Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարությունից չի կարող խոսել, երբ բանտում սրբազաններ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ գործող իշխանությունները 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեն վերընտրվի։ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե նման կարծիք ունի սոցիոլոգիական հարցումների արդյունքներից ելնելով։
«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգում է զրոյի»,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքականությունից կհեռանա, եթե Փաշինյանը վերընտրվի։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյանն ընտրությունների է գնալու խաղաղության թեզով, իսկ խաղաղություն, ըստ էության, չկա։
«Ինչո՞վ պիտի գնա, ժողովրդավարությունի՞ց ինքը պետք է խոսի, որ երկու սրբազան է բանտարկում, ինչպես նաև Սամվել Կարապետյանին և տարբեր համայնքապետների»,- նշեց Քոչարյանը։
Դիտարկմանը, որ իշխանությունները ներկայիս ընդդիմությանը «գանձ են» համարում, որը կերաշխավորի իրենց վերընտրվելը, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Սոցիալական արդարություն չկա, քանի որ աղքատության մակարդակին նայենք՝ 24 տոկոսով ընդունել է, հիմա էլ 24 տոկոսի վրա է։ Կոռուպցիայի մասին էլ չեմ խոսում։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։ Հայաստանի պատմության մեջ ԱՆԻՖ-ի պես 65 մլն դոլարի փոշիացում չի եղել։ Ընդդիմությունն էլ կարող է ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գանձ է, որովհետև ասելիք չունի իշխանությունը»։
Միևնույն ժամանակ Քոչարյանը հորդորեց «գանձ» ձևակերպումը իրեն չվերագրել։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7–ին։
Կենացային քողածածկույթ է. քաղաքական վերլուծաբանը` ՔՊ–ի նոր ծրագրի մասին