ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով որոշում դեռևս չունի։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սերժ Սարգսյանը։
Նա հաջողություն մաղթեց բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշում են կայացրել։ ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ իրենք այս պահին այլ գործով են զբաղված՝ նկատի ունենալով իմպիչմենտի գործընթացը։
«Տեսնենք, իրավիճակից առաջ չեմ ուզում եզրակացություններ անել։ Ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին»,- ասաց նա։
Սարգսյանը հավելեց, որ իմպիչմենտի գործընթացն իրենք չեն նախաձեռնել, բայց պաշտպանել են այն և նաև թեկնածու են առաջադրել։
Հիշեցնենք` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 11—ին հայտնեց, որ առաջիկայում կազմակերպելու են խորհրդարանական լսումներ, որի նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումը, և այդ լսումների ընթացքում ներկայացնելու են վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ իրենց ծրագրի մասին։