Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ քննարկվել են Իսրայելի զորքի հետքաշման քարտեզները

Եգիպտոսում ոչ ուղիղ բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի պատվիրակությունների միջև՝ Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների մասնակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ միջնորդավորված բանակցությունների ընթացքում քննարկվել են իսրայելական զորքերի հետքաշման քարտեզները և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու փուլերը։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը` հղում անելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ղեկավարներից մեկին։
Արդեն երկրորդ օրն է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի պատվիրակությունների միջև ոչ ուղիղ բանակցություններ են ընթանում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում։
«Այսօր բանակցությունները վերաբերում էին զորքերի դուրսբերման քարտեզներին և գերիների ազատ արձակման ժամանակացույցին»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը պահանջել է գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու փուլերը կապել զորքի ամբողջական դուրսբերման փուլերի հետ։
«Որպեսզի վերջին գերու ազատումը համընկնի Գազայի հատվածից վերջին զինվորականների դուրսբերման հետ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հոկտեմբերի 6-ից ոչ ուղիղ բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի պատվիրակությունների միջև՝ Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների մասնակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ՝ Գազայի հատվածում պատերազմն ավարտելու համար:
ՀԱՄԱՍ-ը երաշխիքներ է պահանջում Իսրայելից. ԶԼՄ