ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելու է ԱՊՀ-ի շրջանակում «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծումը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Տաջիկստան կատարելիք այցի նախօրեին հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին:
«ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է «ԱՊՀ+» նոր ձևաչափի ստեղծման հարցը։ Ձևաչափը ենթադրում է երրորդ երկրների մասնակցություն ԱՊՀ հովանու ներքո անցկացվող միջոցառումներին։ Գիտեք՝ «ԱՊՀ+», «ԲՐԻԿՍ+», «ՇՀԿ+»... Դա կազմակերպություններում շատ հաճախ օգտագործվող ձև է»,- ասել է Ուշակովը։
«ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման նախաձեռնության մասին խոսել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2024 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում։ Ձևաչափի ստեղծումն ուղղված է միջազգային ասպարեզում ԱՊՀ–ի դրական վարկանիշի խթանմանը, շահագրգիռ պետությունների, նրանց միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կապերի ընդլայնմանը։
ՌԴ նախագահի օգնականը նաև հայտնել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ–ին կից դիտորդի կարգավիճակ տալու հարցը:
Ուշակովը հիշեցրել է, որ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 1-ին Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված գագաթնաժողովում:
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Տաջիկստանում: ԱՊՀ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: