ԱՄՆ-ում հազարավոր չվերթեր են չեղարկվել կամ հետաձգվել ավիակարգավարների պակասի պատճառով. ԶԼՄ

Աշխատակիցների պակասը պայմանավորված է ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցման՝ «շատդաունի» պատճառով ավիակարգավարների պակաս է առաջացել, ինչի հետևանքով որոշ օդանավակայաններում հազարավոր թռիչքներ են հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության և «FlightAware» ծառայության տվյալներին։
«Չվերթեր են հետաձգվել ԱՄՆ-ի Դենվեր, Նյուարկ, Նյու Ջերսի և Բրբանկ քաղաքներում »,-հայտնել է հեռուստաալիքը:
CBS-ը ներկայացրել է «FlightAware» ծառայության տվյալները, որոնց համաձայն` հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում հետաձգվել է գրեթե 6 հազար չվերթ: Հեռուստաալիքն ընդգծել է, որ սպասարկող անձնակազմի պակասի պատճառով վերջին օրերին ավելի շատ թռիչքներ են չեղարկվել կամ հետաձգվել, քան 2022 թվականի ամռանը, երբ COVID-19-ի պատճառով սահմանափակումների վերացումից հետո գրանցվել էր չվերթերի կտրուկ աճ:
Նշվում է, որ աշխատակիցների պակասն առաջացել է ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով:
Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել էր, որ ավիակարգավարների պակասի պայմաններում օդային տարածքի անվտանգությունը պահպանելու համար դաշնային իշխանությունները ստիպված կլինեն կրճատել թռիչքների քանակը։
ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին սկսվել է նոր ֆինանսական տարին, սակայն Կոնգրեսը չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, ինչի պատճառով կառավարությունը չի կարող աշխատել: Միացյալ Նահանգներում կառավարության գործունեության դադարեցումը (government shutdown) նշանակում է Կոնգրեսի կողմից անմիջապես ֆինանսավորվող որոշ պետական կառույցների գործունեության դադարեցում՝ հաջորդ ֆինանսական տարվա համար հաստատված բյուջեի բացակայության պատճառով: