ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությանն անդամակցելու ընթացակարգը կարելի է փոխել, որպեսզի շրջանցվի Հունգարիայի վետոն, որն արգելափակում է Ուկրաինայի առաջխաղացումը միավորման մեջ: Նման առաջարկով հանդես է եկել Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան Եվրամիությունում կլինի Օրբանի հետ կամ առանց Օրբանի... Պարզապես անարդար է Ուկրաինայի մասին հեքիաթներ պատմելը, և դա այսօր անում է մի մարդ, որին թվում է, թե ինքը ազդեցություն ունի։ Միայն ժամանակն է ազդեցություն ունենում», - ասել է Զելենսկին Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի հետ ասուլիսում, որի տեսագրությունը հրապարակել է ուկրաինական «Новости.Live» հեռուստաալիքը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը դատի կտա ԵՄ-ին, եթե Բրյուսելը փորձի Հունգարիային զրկել վետոյի իրավունքից: Օրբանը դեմ է Ուկրաինային Եվրամիությունից զենք մատակարարելուն։