Նոյեմբերին օդի աղտոտվածության խնդիր կունենանք. Տիգրան Ավինյան

Օդի աղտոտվածության հետ կապված քաղաքապետարանի դրական արձանագրումները հերքում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոնի տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերին Երևանում օդի աղտոտվածության հետ կապված խնդիր կունենանք։ Այսօր Երևանի գործակարգավորական խորհրդակցությանն ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, թե այս խնդիրը ծագում է ձմռան ամիսներին։
«Կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորումների և այլ տեսակների հետ կապված պահանջները, ու արդյունքում լինում է աղտոտում, խստորեն պատժվելու են։ Պատժվելու են այն պահին, երբ գան շինթույլտվության երկարաձգման, իսկ բոլորն այդ փուլին հասնում են»,- շարունակեց Ավինյանը։
Քաղաքաշինության և հողի վերահսկման վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը տեղեկացրեց, որ շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել են թվով 127 արձանագրություն։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նկատեց, որ մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված 175 սարքերի արձանագրումներին համապատասխան՝ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին օդի որակը լավ է կամ միջին է։ Ավինյանը արձագանքեց` շեշտելով, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Երևանում ամռանն ու աշնանը օդի որակը չափազանց վատն է։
Սակայն, ի տարբերություն քաղաքային իշխանության լավատեսության, պետական մյուս կառույցի՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներն այլ բան են հուշում։ Պաշտոնական կայքում տեղադրված գծագրերից ու հրապարակումներից հստակ է, որ թե՛ սեպտեմբերին, թե՛ օգոստոսի մթնոլորտային օդում փոշու ու ազոտի երկօքսիդի պարունակություն գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ աղտոտվածությամբ առաջատար վարչական շրջանները հիմնականում եղել են Կենտրոնը, Արաբկիրը, Շենգավիթը։