ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ չի իրականացնում Իրանում, դրանցից վերջինը եղել է «Բուշեր» ԱԷԿ-ում. ԱԳՆ

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը չեղարկված կհամարվի՝ հաշվի առնելով պատժամիջոցների կիրառումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ներկայումս Իրանի տարածքում ոչ մի ստուգում չի իրականացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ներկայումս Իրանում ոչ մի ստուգում չկա, բայց կարծում եմ, որ մոտ տասը օր առաջ ստուգում է անցկացվել «Բուշեր» ատոմակայանում»,-ասել է Բաղային ուղիղ եթերում:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Կահիրեի համաձայնագիրը, որը կնքվել էր սեպտեմբերին և սահմանում էր գործակալության և Իրանի փոխգործակցության շրջանակները՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հարվածները, այլևս բավարար չէ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մասին «եվրաեռյակի» որոշումից հետո, Թեհրանը մտադիր է նոր որոշումներ ընդունել այդ հարցի վերաբերյալ:
Իրանն ավելի վաղ նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը չեղարկված կհամարվի՝ հաշվի առնելով պատժամիջոցների կիրառումը:
Սեպտեմբերի վերջին վերականգնվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը, որոնք ենթադրում են Իրանի դեմ պատժամիջոցներ: Միջազգային սահմանափակող միջոցների վերականգնման նախաձեռնողներն էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Ռուսաստանը, ինչպես և Իրանը, չի ճանաչել այդ գործողությունների օրինականությունը՝ վկայակոչելով եվրոպական երկրների կողմից 2015 թվականի միջուկային գործարքի բազմակի խախտումները, ինչպես նաև դրանից ԱՄՆ-ի դուրս գալը: