Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տալիս

Անդրանիկ Մինասյանը շրջանի ղեկավար էր նշանակվել հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը հոկտեմբերի 10-ից դադարեցնում է աշխատանքային լիազորությունները։ Մինասյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։ Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»,- գրել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մինասյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր այս տարվա հունիսին՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարականից հետո։ Մկրտչյանը հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին՝ շեշտելով, որ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշումն անձամբ է կայացրել՝ պայմանավորված անձնական հանգամանքներով։
Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ 26 տարեկանում։
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է։ Նախնական տեղեկություններով` Մկրտչյանը ձերբակալվել էր թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Մի քանի շաբաթ անց նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։