Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպանի վրա է դրել Թբիլիսիում անկարգությունների և սահմանադրական կարգը տապալելու փորձերին աջակցելու պատասխանատվությունը։
Sputnik
Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Եվս 30 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։
«Հոսպիտալացվածների մոտ տարբեր տեսակի վնասվածքներ են նկատվում։ Ոստիկաններից մեկի առողջական վիճակը ծանր է։Տուժածների մի մասը բժշկական հետազոտություններ է անցնում և շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Իշխանությունը տապալելու փորձը ձախողված է, հայտարարել է Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ակցիայի բոլոր մասնակիցները, նրա խոսքով, խստորեն կպատժվեն:
Կոբախիձեն ԵՄ դեսպանի վրա է դրել Թբիլիսիում անկարգությունների և սահմանադրական կարգը տապալելու փորձերին աջակցելու պատասխանատվությունը։ Կոբախիձեն հայտարարել է, որ օտարերկրյա գործակալները կչեզոքացվեն և կզրկվեն վրացական քաղաքականությանը մասնակցելու հնարավորությունից։
Թբիլիսիում գիշերվա ընթացքում ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ: Այդ արարքների համար նախատեսված է մինչև 9 տարվա ազատազրկում:
Անկարգություններ Թբիլիսիում
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Ընդդիմադիր մի քանի կուսակցություն անկարգություններ էին սկսել, ցուցարարների մի խումբ ներխուժել էր նախագահական պալատի տարածք։
Անկարգություններ Թբիլիսիում