Ստոլտենբերգը պատմել է՝ ինչպես կարող էր ՆԱՏՕ-ն փլուզվել 2018-ին Թրամփի զայրույթի պատճառով

Ստոլտենբերգի խոսքով՝ 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները չափազանց քիչ են ծախսում պաշտպանության վրա և միևնույն ժամանակ օգտվում են ԱՄՆ-ի պաշտպանությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ դաշինքը 2018-ին փլուզման եզրին է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասվում է նրա «Իմ հսկողության տակ» հուշագրությունից մի հատվածում, որը հրապարակել է բրիտանական The Guardian թերթը:
Ստոլտենբերգի խոսքով՝ 2018-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը բացահայտ դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները շատ քիչ են ծախսում պաշտպանության վրա և միևնույն ժամանակ օգտվում են ԱՄՆ-ի պաշտպանությունից: ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծածկում է դաշինքի ծախսերի մինչև 80-90%-ը և պաշտպանության համար հատկացնում ՀՆԱ-ի 4%-ը, մինչդեռ գործընկերների մեծ մասը չի հասնում նույնիսկ սահմանված 2 տոկոսի ցուցանիշին:
Ստոլտենբերգի խոսքով՝ Թրամփի վրդովմունքը հասել է նրան, որ նա սպառնացել է կրճատել ամերիկյան ներդրումները «մինչև Գերմանիայի մակարդակ» և հայտարարել, որ ԱՄՆ-ը «ՆԱՏՕ-ի կարիքը չունի»: Բացի այդ, նախագահը վրդովվել է դաշինքի նոր կենտրոնակայանի արժեքից՝ Ստոլտենբերգին հարց ուղղելով. «Մեր ինչի՞ն է պետք նման թանկ շենքը»։
«Հիմա ամեն ինչ կփլուզվի։ Ես նայեցի դահլիճին. բոլոր առաջնորդների դեմքերը լուրջ էին։ Բոլորը հասկանում էին, որ գագաթնաժողովը և միասնության մասին հռչակագրերը կարող են տապալվել։ Եթե ԱՄՆ նախագահը հայտարարի, որ հրաժարվում է պաշտպանել իր դաշնակիցներին և լքի հանդիպումը, ՆԱՏՕ-ի պայմանագիրը կկորցնի իր իմաստը։ Ես մտածեցի, որ գուցե հենց այս հանդիպումը լինի այն հանդիպումը, որտեղ դաշինքը կփլուզվի»,- հիշում է Ստոլտենբերգը։
Այդ իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվացրել են պաշտպանական ծախսերի ավելացման ջանքերը։ Ընթացիկ տարվա հունիսի 24-25-ին Հաագայի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են մինչև 2035-ը դրանք հասցնել ՀՆԱ-ի 5%-ի մակարդակին՝ նպատակային 2%-ի փոխարեն, որին հասել են դաշինքի դեռ ոչ բոլոր պետությունները։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դաշինքը, ավելացնելով ռազմական հնարավորությունները, հրահրում է գլոբալ ռազմականացում և սպառազինությունների նոր մրցավազք: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հունիսյան գագաթաժողովը, նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի աճը էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի անվտանգության վրա: