Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու նախագիծը մեր սեղանին է, և որոշումն էլ կա։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դեռևս չեն հրապարակում, քանի որ վախենում են հանրային արձագանքից։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
«Ասեմ ինչի՞ չենք բարձրաձայնում՝ վախենում ենք։ Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ ՀՀ ակտիվ հանրության 97 տոկոսն իր իմացած բոլոր հայհոյանքներն ուղղի մեր հասցեին։ Հիմա բոլոր սխեմաները կան, հանձնարարել եմ, որ հանրային կոմունիկացիայի ռազմավարություն մտածենք, թե ո՞նց անենք, որ հայհոյանքները ճիշտ կառավարենք»,- ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ պաշտոնական ձևակերպումն այն է, որ պետական ապարատում աշխատավարձերը մրցունակ չեն մասնավոր հատվածում աշխատանքի հետ։ Նրա խոսքով՝ լավ մասնագետներին շատ խնդրելու դեպքում էլ առավելագույնը 2 տարի կաշխատեն։
«Կասեն՝ լավ, գնամ տեսնեմ՝ ինչքան կձգեմ։ Ինչի՞ պիտի լավ կադրը գա կառավարությունում աշխատի։ Դուք ինչի՞ պիտի գաք 200 հազարով աշխատեք, դե եկեք, բայց ոչ մեկդ չեք գա, հիմա որ առաջարկեմ՝ կժպտաք»,- նշել է Փաշինյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանն է ներկա եղել, ապա այցելել է Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որից հետո պատասխանել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հարցերին։ Անդրադարձ էլ եղել սահմանային կնիքից Արարատ լեռան պատկերի հեռացմանը, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Վարչապետը կրկին վերահաստատել է, որ այլևս հայրենիք փնտրելու կարիք չկա, քանի որ արդեն «մեր երազանքների հայրենիքում ենք»։