Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ազգային արժույթի դենոմինացիային

Իրանական թղթադրամներից կհանվի 4 զրո, դրա համար սահմանվել է եռամյա անցումային շրջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ազգային արժույթի՝ ռիալի դենոմինացիայի նախագծին, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները: Նախագիծը ենթադրում է թղթադրամներից 4 զրոների հեռացում։ Այսպիսով, օրինակ, 10․000 ռիալ թղթադրամը կվերածվի 1 ռիալի։
Իրանի կենտրոնական բանկը պատասխանատու է լինելու արտարժույթի փոխարժեքների սահմանման և արտարժույթի առք ու վաճառքի համար՝ գործող դրամավարկային համակարգին և արժութային պահուստներին համապատասխան:
Եռամյա անցումային շրջանը, որը կոչվում է «կրկնակի շրջանառության փուլ», ենթադրում է ինչպես ներկայիս, այնպես էլ նոր ռիալի միաժամանակյա շրջանառություն: Այս ընթացքում գոյություն ունեցող թղթադրամներն ու մետաղադրամները աստիճանաբար կհանվեն շրջանառությունից: Իրանում դենոմինացիայի ծրագիրն արդեն երկար տարիներ քննարկվում է բարձր գնաճի և ռիալի արժեզրկման ֆոնին։
Չորս զրոների չեղարկումը նպատակ ունի պարզեցնել ֆինանսական գործարքները, հաշվապահությունը և արտարժույթի օգտագործումը առօրյա կյանքում, չնայած վերլուծաբանները նշում են, որ դա ինքնին չի լուծում գնաճային ճնշման խնդիրը: