Բելգորոդն ԱԹՍ–ների զանգվածային հարձակման է ենթարկվել. փակվել են առևտրի կենտրոնները

Սեպտեմբերի ընթացքում Բելգորոդի մարզում զոհվել է 20 մարդ, վիրավորվել`185-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդն ու Բելգորոդի շրջանը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ուկրաինական հարձակման հետևանքները
«ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ներ։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան»,-Telegram-ում գրել է մարզպետը։
Ուկրաինական հարձակման հետևանքները
Խոցված ԱԹՍ–ների բեկորների ընկնելու հետևանքով երկու ավտոմեքենա է բռնկվել, ԱԻՆ աշխատակիցները մարել են կրակը: Նաև բազմաբնակարան շենքում պատուհաններ են կոտրվել։ Ուկրաինական հարձակման ֆոնին դադարեցվել է Բելգորոդի «Սիթի Մոլ», «ՄեգաԳրին», «ՌԻՈ» առևտրի կենտրոնների և «Կենտրոնական շուկայի» բաց հատվածի աշխատանքը:
Բելգորոդի շրջանի Ստրելեցկոյե գյուղում ԱԹՍ-ի բեկորներից վնասվել են սեփական տներից մեկի դարպասները, Պուշկարնոյե գյուղում՝ առանձնատան տանիքը։
Անցյալ տարվա օգոստոսից ի վեր Բելգորոդի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում, այնտեղ հայտարարվել է դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր Բելգորոդի մարզի տարածքում երեք ժամվա ընթացքում 29 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։