ՀՀ–ում հնարավոր է պղնձաձուլարան կառուցել, ուղղակի համապատասխան տարածք է հարկավոր. Պապոյան

Հայաստանում պղնձաձուլարանի նախագիծը քննարկվում է ավելի քան 15 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում սկզբունքորեն հնարավոր է պղնձաձուլական գործարան կառուցել, սակայն դրա համար համապատասխան տարածք է հարկավոր, ինչպես նաև լրացուցիչ հումք, ինչը ենթադրում է հանքերում արդյունահանման մեծացում: Ծաղկաձորում «Հայաստանի հանքարդյունաբերությունը» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե ՀՀ կառավարությունը գա ռազմավարական այդ որոշման, ապա պետք է էապես ավելացնել արդյունահանման ծավալները. բարձր որակավորում ունեցող աշխատատեղերն ավելի շատ կլինեն, բայց մյուս կողմից էլ կբարձրանան հարկերը»– նշեց նախարարը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ավետիս Վարդանյանն իր հերթին նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում մի շարք երկրների ներդրողների հետ, որոնք դեռ այդքան էլ առարկայական չեն:
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
«Չինաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում այս հարցում։ Մեր կողմից մենք ամեն կերպ կօգնենք, որպեսզի հնարավոր բոլոր խոչընդոտները հաղթահարվեն, բայց նաև կհետևենք բնապահպանական նորմերի պահպանմանը»,– վստահեցրեց փոխնախարարը։
Նշենք, որ Հայաստանում պղնձաձուլարանի նախագիծը քննարկվում է ավելի քան 15 տարի։ Երկրից մեծ ծավալներով արդյունահանվում է պղնձի հանքաքար և արտադրվում է պղնձի խտանյութ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ում պղնձաձուլական գործարան հիմնելու երկու փաթեթ է քննարկվում: Նրա խոսքով` փաթեթներից մեկն առաջարկում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս ներդրողը խնդրել է դեռևս մնալ գաղտն։ Ամբողջ ՀՀ–ում 400 հազար տոննա խտանյութ է արտադրվում, որը բավարար է պղնձաձուլարան կառուցելու համար։