ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն-մենակ. ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստին բարձրացրել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։ Նա նկատել է, որ սա ԵԽԽՎ վերջին նիստն է ու բոլոր մասնակիցներն անհամբեր սպասում են իրենց ընտանիքների մոտ վերադառնալուն ու այս համատեքստում հիշեցրել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները զրկված են այդ հնարավորությունից։
«Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դուք կարող եք ասել, թե բա մեծ քաղաքականություն է, հակամարտություն, միջազգային պայմանագրեր և այլն, և այլն, բայց դա այդպես չէ․ սա մարդկանց կյանքեր են, մարդկային ողբերգություններ։ Առկա են տեղեկություններ պատանդների ինքնասպանության փորձերի և հացադուլների մասին։ Դա մեծագույն ամոթ է, բայց մենք նույնիսկ չգիտենք անգամ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր եղբայրների ճշգրիտ թիվը։ Հնարավոր է, որ նրանցից ոմանք այլևս ողջ չեն»,–ասել է Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որ իրենց դեսպաններին ուղղորդեն այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։ Նա խնդրել է այցելել, որ ապացուցվի, թե Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։
Հիշեցնենք` քննչական կոմիտեի նախագահի հրապարակած վերջին պաշտոնական տվյալներով` Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 պահվող անձանց մասին տեղեկությունները, որոնցից 17–ը գերեվարվել են 2023թ –ին։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունները։
Մինչդեռ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տվյալով` բռնի անհետացած անձինք իրականում ոչ թե 32-ն են, այլ 80-ը։