Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Կոպենհագենում

Փաշինյանն ու Ալիևը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում են ունեցել Կոպենհագենում և ընդգծելով վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակալիությունը` վերահաստատել պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդըսեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։

Կողմերը կարևորել են նաև վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։
Նշվում է, որ Դանիայի Թագավորության մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։