ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Միջազգային կազմակերպությունների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության ամրապնդումը մեծ ներուժ ունի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Ժնևի գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը ԵԱՏՄ 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Զգալի ներուժ ենք տեսնում Ժնևի միջազգային հարթակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայության հետագա ամրապնդման համար», - ասել է նա:
Դիվանագետը նշել է, որ կարևոր է շարունակել մեծացնել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԿՏԱԴ-ի (United Nations Conference on Trade and Development՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման մարմին) հետ ԵԱՏՄ-ի և ԵՏՀ-ի միջև մակրոտնտեսական տվյալների փոխանակումը, զարգացնել ԵԱՏՄ երկրների համար թվային տնտեսության, կայուն ներդրումների, առևտրային խոչընդոտների, տնտեսության կառուցվածքային վերափոխման ուղղություններով ֆոկուսային վերլուծականների մշակման ուղղությամբ ավելի սերտ փոխգործակցությունը:
Գատիլովը մատնանշել է ԵԱՏՄ «արդյունավետ ինտեգրացիոն մոդելը»՝ նշելով Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպությունների հետ միության փոխգործակցության ակտիվացման և խորացման հետաքրքրությունը:
Գատիլովը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, որի ՀՆԱ-ն 2015 թվականից սկսած՝ աճել է 18%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ գրեթե 30%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրությունը՝ գրեթե 22%-ով, այլև նրա գործընկերներին. «չէ որ նրանք առաջնահերթ ելք են ստանում Ռուսաստանի խոշորագույն շուկա, ներառյալ պետական գնումների նկատմամբ ազգային ռեժիմ, ինչպես նաև արտոնյալ միգրացիոն հասանելիություն են ունենում»:
Գատիլովի խոսքով՝ Ռուսաստանի առևտրի կառուցվածքում ավելացել է նաև այն երկրների մասնաբաժինը, որոնց հետ ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրեր ունի՝ 2015 թվականի 13,9 %-ից 2023 թվականին հասնելով 36,3 %-ի։ Մասնավորապես, Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 3,6 անգամ, Իրանի հետ՝ 3,2 անգամ, Վիետնամի հետ՝ 1,3 անգամ, Սերբիայի հետ՝ 1,4 անգամ։