ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մերձավանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային որևէ հայտարարություն դեռ չի կարող անել, քանի որ այս պահին դեռևս արձանագրում են ներկայացված խնդիրները։ Նա այս մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
«Այս պահին խախտումների մասին դեռ չեմ կարող խոսել, քանի որ այս ընթացքում պետք է խնդիրները բացահայտենք, արձանագրենք, հետո հրապարակենք»,– ընդգծեց նա։
Հարցին, թե արդյոք ՄԻՊ–ն անելիք չուներ Մերձավանում, քանի որ այնտեղ միջանձնային հարաբերությունները տևական ժամանակ է` լարված են եղել, Մանասյանն ընդգծեց` եթե խնդիրը հանցագործությունների կանխարգելմանն է վերաբերում, ապա ՄԻՊ–ն այստեղ որևէ մանդատ ու լիազորություն չունի։
«Ինչ վերաբերում է արդեն քրեական վարույթի շրջանակում ցանկացած անձի պաշտպանությանը, ապա, բնականաբար, ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, նաև պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պատկան մարմիններից։ Այս դեպքի հետ կապված աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, քանի որ կարծես այդ բոլոր հրապարակային հայտարարությունները նոր են արվում»,– նշեց օմբուդսմանը։
Նա խոստացավ իր լիազորությունների շրջանակում հրապարակային խոսել ավելի ուշ` ևս մեկ անգամ շեշտելով` չափազանց կարևոր է, որ թե՛ պետական մարմինները, թե՛ իրավապահ մարմինները, թե՛ շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում` պաշտպանության կողմը, նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում անմեղության կանխավարկածի պահպանումը, դեպքի առնչության վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանությունը խիստ կարևոր է։
«Կարևոր է հատկապես ավելորդ հայտարարություններ չանելու կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպը»,– եզրափակեց Մանասյանը։
Հիշեցնենք, որ Մերձավանում հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։