Գազայում գրեթե 42 հազար մարդ հաշմանդամ է դարձել Իսրայելի գործողության պատճառով. ԱՀԿ

Գազայի առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմական գործողության պատճառով Գազայի հատվածում շուրջ 42 հազար մարդ է հաշմանդամ դարձել։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության հետևանքով գրեթե 42 000 մարդ ճակատագրական վնասվածքներ է ստացել։ Յուրաքանչյուր չորրորդը երեխա է: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր վնասվածք է ստացել 167,376 մարդ, որոնցից մեկ քառորդի դեպքում այդ վնասվածքները ճակատագրական են եղել։ Անդամահատվել են ավելի քան 5000 մարդու վերջույթներ», - հայտնել է կազմակերպությունը։
Զեկույցում շեշտվում է, որ շատերը բարդ վնասվածքներ են ստացել դեմքի շրջանում, և նրանք ենթակա են տարհանման:
«Նոր վիրավորների քանակի և բժշկական օգնության կարիքների աճի պատճառով առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։ Գազայի 36 հիվանդանոցներից միայն 14-ն է մասամբ գործում։ Մինչպատերազմական ժամանակահատվածում գոյություն ունեցած վերականգնողական կենտրոններից շարունակում է աշխատել շուրջ մեկ երրորդը, որոնցից մի քանիսը փակման եզրին են», - նշել են ԱՀԿ-ում:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: