ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Կոպենհագենում հանդիպել են և վերահաստատել երկու երկրների միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Այս մասին նշված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է արվել տարածաշրջանային զարգացումներին, վաշինգտոնյան պայմանավորվածություններին և ստորագրված փաստաթղթերին։
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել համակողմանի աջակցության համար։
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։