ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներն անհնար են, իսկ ԱՄՆ-ի նոր սահմանափակող միջոցները որոշիչ ազդեցություն չեն ունենա իրավիճակի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան` մեկնաբանելով արևմտյան պատժամիջոցների քաղաքականությունը և ուկրաինական հակամարտության հեռանկարները։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը հարմարվել է ավելի վաղ սահմանված պատժամիջոցներին և պատրաստ է նորերին:
«Մենք այնքան շատ պատժամիջոցներ ենք տեսել, որ նոր պատժամիջոցներից չեմ զարմանա։ Մենք հարմարվել ենք հներին, երկուսուկես տարի ապրում ենք դրանց հետ։ Եթե ինչ-որ բան պատահի, կհաղթահարենք»,-ասել է նա:
Նեբենզյայի խոսքով` պատժամիջոցների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսակցություններն առաջին հերթին կապված են «ներքին լսարանը տաքացնելու» անհրաժեշտության հետ:
Պատասխանելով Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր փոխանցման մասին հարցին` դիվանագետը հայտարարել է, որ դա չի փոխի իրավիճակը ռազմաճակատում։
«Դեռևս գործարք չկա, և փաստ չէ, որ դրանք կփոխանցվեն։ Բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, վստահ եմ, որ մենք պատասխան կգտնենք»,-նշել է նա` հիշեցնելով, որ նույնպիսի դիրքորոշում ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Խոսելով հակամարտության կարգավորմանը Թրամփի մոտեցման մասին` Նեբենզյան նշել է. «Նախագահ Թրամփը քաղաքական գործչի հատուկ տեսակ է, որը սիրում է արագ լուծումներ, բայց Ուկրաինայի դեպքում նման մոտեցումը չի աշխատի»:
Դիվանագետը նաև հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցի հետ հանդիպման մասին` զրույցն անվանելով «շատ լավը» և ընդգծելով, որ շփումը դրական տպավորություն է թողել:
Դրա հետ մեկտեղ Նեբենզյան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության ընթացքում՝ հոկտեմբերին, նախատեսվում է սկսել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը, թեև համապատասխան նամակի ձևակերպումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ: