ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումների հիմքով։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
Համապատասխան որոշումը կայացվել է այսօր անցկացված հանձնաժողովի նիստում։
«Վեոլիա Ջուրը» վարչական պատասխանատվության է ենթարկվել ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ առաջինի դեպքում խախտվել է Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկը, իսկ երկրորդի դեպքում «Վեոլիա Ջուրը» ժամկետների խախտմամբ է պատասխանել հանձնաժողովի թվով 21 հարցումներին։
Յուրաքանչյուր խախտման համար ՀԾԿՀ-ն ընկերությանը տուգանել է 10 մլն դրամի չափով։
Նշենք, որ քաղաքացիները պարբերաբար բողոքում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մատուցած ծառայությունների որակից, այդ թվում՝ հաճախակի ջրանջատումներից, ջրի որակից և այլն։
Հուլիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց՝ այնպես չէ, թե պետությունը աչք է փակում «Վեոլիա Ջուր» ընկերության վրա։ Նա նշեց, որ Երևանում վերջին տարիներին բազմաբնակարան շենքերի քանակի ավելացումն իր հետ բերել է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ջրամատակարարման հարցում։
Հուլիսին լրագրողների հետ զրույցում էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ համակարծիք է այն երևանցիների հետ, որոնք դժգոհում են ջրամատակարարման հաճախակի դադարեցումներից։ Նա նշեց, որ կառավարությունը և փոխվարչապետի գրասենյակը զբաղվում են այդ հարցով։ Հույս հայտնեց, որ այդ լուծումներն օր առաջ կհասունանան ու կիրականացվեն։
Հիշեցնենք, որ Երևանի ջրատարն ու կոյուղին ղեկավարում է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը գործում է որպես վարձակալ, այլ ոչ թե կառավարիչ: Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա Ջուրը» պատասխանատու է միայն ընթացիկ սպասարկման համար, մինչդեռ ցանցերի հիմնանորոգման համար դեռևս պատասխանատվություն է կրում պետությունը, քանի որ սահմանված ջրի սակագները չեն ծածկում համապատասխան ծախսերը: