ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ կդառնար, եթե չընտրեր ֆուտբոլիստի ուղին:
«Եթե չլինեի ֆուտբոլիստ, կարող էի իրավաբան դառնալ կամ տնտեսագիտության ոլորտում աշխատել, բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք, և անմիջապես դարձավ երազանք, որը ես համառորեն հետապնդեցի։ Հայրս ինձ առաջին անգամ գնդակը տվեց, երբ չորս տարեկան էի։ Այդ պահից սկսած՝ ֆուտբոլը երբեք դուրս չի եկել իմ կյանքից։ Մանկության տարիներին ես խաղում էի առաջևի գծում և փորձում էի հնարավորինս շատ գոլեր խփել՝ փորձելով ընդօրինակել նրան։ Իմ կարիերայի ընթացքում ես միշտ խաղացել եմ առավելագույն նվիրումով՝ խաղի մեկնարկային սուլիչից մինչև ավարտը»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinternews-ը։
Նշենք, որ 2025/2026 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում անցկացրել է 5 հանդիպում: