ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միության երկրները պայմանավորվել են ագրարային հատվածը խթանելու համար ծրագրեր ստեղծել։ Այս մասին Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ բազմակողմանի համագործակցությունը: Անհրաժեշտ է հետագայում ևս աջակցել ձեռնարկությունների միջև կապերի ձևավորմանը, տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակում հաստատել, ինչպես նաև ապահովել հիմնական ոլորտների անկախությունը արտաքին լուծումներից, հայտարարել է ՌԴ վարչապետը։
Դրան կնպաստեն համատեղ արտադրությունների (այսինքն՝ ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական համագործակցության նախագծերի) աջակցության կանոնների լրացուցիչ փոփոխությունները: Այս աջակցությունը ստանալու նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունը մեծանում է, և միության 2025 թվականի բյուջեում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 5 մլրդ ռուբլի: Այդ իսկ պատճառով կողմերը պայմանավորվել են նմանատիպ աջակցության միջոցառումներ մշակել գյուղատնտեսական ոլորտում համագործակցության համար, հավելել է Միշուստինը։
Նա ուշադրություն է հրավիրել, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրությունն աճել է ավելի քան մեկ քառորդով, և այժմ ԵԱՏՄ-ն ավելի քան 90%-ով ապահովում է իրեն պարենով։
«Աջակցության ծրագրերը կամրապնդեն պարենային անվտանգությունը և կնպաստեն փոխադարձ առևտրի աճին», – հավելել է ՌԴ վարչապետը։
Սննդամթերքի և այլ ապրանքների որակը վերահսկելու համար Միշուստինը նշել է որակի վերահսկման թվային հարթակների լիարժեք ներդրման (երեք ամիս առաջ փորձնական նման նախագիծ իրականացվեց) և բեռնափոխադրումների պարզեցման կարևորությունը։
Խոսելով ԵԱՏՄ արտաքին կապերի մասին՝ նա նշել է, որ ավարտվում են բանակցությունները Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ։ Միության երկրները նաև հույս ունեն, որ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ նմանատիպ համաձայնագրերն արագ կստորագրվեն և ուժի մեջ կմտնեն։