ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Կիևին «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարման մասին հայտարարությունները պայմանավորված են եվրոպական երկրների կողմից Վաշինգտոնի վրա ճնշումներով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ առաջնորդը։
«Կարծում եմ, սա, առաջին հերթին, Վաշինգտոնի վրա եվրոպական ճնշման արդյունք է, և Վաշինգտոնն ուզում է ցույց տալ, որ հաշվի է առնում դաշնակիցների կարծիքը։ Չեմ կարծում, թե արդեն գործ ունենք կայացրած որոշման հետ։ Ամերիկացիները «Տոմահավկ» չեն մատակարարում բոլորին», – «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի XXII նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը։
Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, անմիջականորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և խաղ են «կրակի հետ»։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինումը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։