Բաքվի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար. Թուրքիայի ԱԽ

Թուրքիայի նախագահի գլխավորությամբ անցկացված նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։
Խորհրդի նիստը, որը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։
«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդգծվել է տրանսպորտային գծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը և օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Քննարկվել է նաև մեր ցանկությունը՝ հաստատել վերջնական խաղաղություն», - նշված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև վստահության մակարդակը անընդհատ աճում է։ Նա Թուրքիայի հետ երկխոսությունը անվանել էր աննախադեպ և դրական։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։