ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Կատարի իր պաշտոնակից Մուհամեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիից Դոհայի վրա իսրայելական օդուժի հարձակման համար: Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Քեշեթ 12» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի 9-ին տեղի ունեցածի կապակցությամբ:
«Իրազեկ աղբյուրի խոսքով՝ Նեթանյահուն ափսոսանք է հայտնել հարձակման հետևանքով Կատարի անվտանգության ծառայության աշխատակցի մահվան կապակցությամբ և ներողություն է խնդրել երկրի ինքնիշխանությունը խախտելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքը նաև տեղեկացնում է, որ Իսրայելի վարչապետի ներողությունը նշանակալի քայլ է Թել Ավիվի կողմից, քանի որ դա Կատարի պայմանն է եղել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններին որպես միջնորդ երկրի մասնակցությունը վերսկսելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին «Հրե գագաթ» գործողության շրջանակներում հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղությամբ, որոնք այդ օրը գտնվում էին Դոհայում: Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ից հայտնել էին, որ հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ Գազայի հատվածի շարժման առաջնորդ Հումամ Ալ-Հայայի որդին: Կատարի մայրաքաղաքի վրա ՑԱԽԱԼ-ի հարձակումը դատապարտել են բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ։