ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանն այսօր մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Մասնավորապես, Զոհրաբյանը մատնանշեց, որ սեպտեմբերի 24-ին դատավորը վերդիկտը հրապարակելուց և լրացուցիչ դատական լսումների օրը հայտնելուց հետո անմիջապես հեռացել է դահլիճից՝ կողմերին չտեղեկացնելով, որ մինչև հաջորդ դատական նիստին կարող են դատարան ներկայացնել միջնորդություններ։
«Օրենսդիրն այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն, այլ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ է դատավորն ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը»,- ասաց Զոհրաբյանը։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ դատավարության մասնակիցներին միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին չպարզաբանելը բավարար հիմնավորում չէ, որ արձանագրվի դատարանի ոչ արդար կամ ոչ օբյեկտիվ լինելը։ Դատարանը նշեց, որ բացարկի միջնորդությունն անհիմն է և մերժեց այն։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։