ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի կրկեսի շենքը «Տաշիր ընկերությունների խումբը» ձեռք է բերել վթարային վիճակում, այն անվտանգ չէր շահագործման համար։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Տաշիր Արենայի» գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի կրկեսը` «Տաշիր Արենան», կբացվի հոկտեմբերի 24–ին, իսկ հոկտեմբերի 25–ին «Տաշիր Արենան» իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջև՝ ETERNIA թատերակրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։
«Ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ է շենքը քանդել ու կառուցել նորը` ավելի նորարար, անվտանգ։ Ինքնին շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց հետո պետք էր այն համալրել տեխնոլոգիաներով և տեխնիկայով։ Սամվել Կարապետյանի կողմից կար դրված խնդիր, որ շենքը պետք է լինի բազմաֆունկցիոնալ և համալրված ամենանոր տեխնոլոգիաներով։ Սկսվեց նախագծման փուլը, ապա ձեռքբերման հետո մոնտաժային ու փորձարկումների փուլերը»,– պատմեց Արշակյանը։
«Տաշիր Արենայի» գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը` ձախից
© Sputnik
Նա նշեց, որ քովիդը, արցախյան դեպքերն իրենց ազդեցությունն ունեցան այս գործընթացի վրա, և աշխատանքները որոշ չափով հետաձգվեցին։
«Կարծում եմ` բոլոր սպասումները արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին և ստացանք ոչ միայն Երևանի, Հայաստանի, այլև տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ շենք, հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել շատ տարբեր տիպի միջոցառումներ»,– ընդգծեց «Տաշիր Արենայի» գլխավոր տնօրենը։
Մամուլի ասուլիս կրկեսի շենքում
© Sputnik
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր ներդրումները կազմել են 55 մլն դոլար։
Կրկեսային շոուի բեմադրող ռեժիսոր Պավել Բերնը, ներկայացնելով իր բեմական մտահղացումը, նշեց, որ կրկեսային շոուն բաղկացած է լինելու ոչ թե առանձին համարներից, այլ 4 ամբողջական նովելներից, որոնք խորհրդանշելու են 4 տարերքները` հող, ջուր, կրակ, օդ։ Նրա խոսքով` այս 4 նովելները փոխկապակցված են լինելու, որոնց միջով կարմիր գծի պես անցնելու է միավորող կերպարը։ Բերնն այլ մանրամասներ չասաց` խոստանալով անմոռանալի շոու ծրագիր։
Կրկեսային շոուի բեմադրող ռեժիսոր Պավել Բերնը
© Sputnik
«Տաշիր Արենայի» գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովն իր հերթին նշեց, որ կրկեսի դահլիճն ընդգրկելու է մինչև 2000 հանդիսատես` կախված նրանից, թե ինչ ոճի բեմադրություն է լինելու, ինչ տեխնիկական խնդիրներ են լինելու։
«Բեմը կարող է շրջվել, պտտվել, ծալվել 360 աստիճանով կամ կիսով չափ։ Կրկեսային բեմի չափերը դասական` 13 մետր շառավիղ ունեն»,– տեղեկացրեց նա։
Վյաչեսլավ Կոլցովը
© Sputnik
Հիշեցնենք, որ «Տաշիր Արենայի» առաջին խաղաշրջանի բացմանը մասնակցելու համար հուլիսի 29-ին Երևան են ժամանել 150 արտիստներ։
«Երևանի կրկեսի» շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ Նոր շենքն ունի 8 հարկ։