ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։
Կուսակցությունից նշում են, որ այս անձինք ՀՅԴ հասցեին հնչեցրել են զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։
Մասնավորապես Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին իշխանական «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է կուսակցությանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։
ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ նույն ԶԼՄ–ով սեպտեմբերի 10-ին ասել է, թե ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձը և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում ջարդերին։
Իսկ Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցում պնդել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ալիևի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։
«Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։ Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում»,– նշել են կուսակցությունից։
Ի դեպ, դատական հայցերի մասին ավելի տեղեկացրել էր նաև այս գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանը։