3–րդ սպանությունը` մեկ շաբաթում. Կապանում 37–ամյա տղամարդ է մահացել

Կապան. Արխիվային լուսանկար
Սա մեկ շաբավա ընթացքում 3–րդ սպանությունն է, որ գրանցվում է ՀՀ տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հերթական սպանությունն է տեղի ունեցել, այս անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։
«Երեք անձի միջև ծագած վեճի պատճառով տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է»,–սոցցանցում գրել է նա:
Նշվում է, որ սպանությունը կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։
Հավելենք, որ սա մեկ շաբավա ընթացքում 3–րդ սպանությունն է, որ գրանցվում է ՀՀ տարածքում։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Արմավիրի Մերձավան համայնքում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
Սեպտեմբերի 27-ին էլ իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արմավիրի Արաքս գյուղի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում 39-ամյա Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել։