ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․Մերձավանում կատարված սպանությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Կառույցից նշում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։
Հավելենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: