ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Red Wings» ավիաընկերության Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ արտակարգ վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրն է։
Ըստ «Փաստինֆոյի»` վթարի մասին լուրը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում, ոմանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը։ Մինչ բժիշկների ժամանելը տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերել ինքնաթիռում գտնվող բժիշկը։
Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ WZ-1347 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր սեպտեմբերի 26-ին՝ 22։40-ին, սակայն հիմա վայրէջքը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ 03։55-ին։
Քաղավիացիայից նշեցին, որ չվերթը շուտով կիրականացվի։
ՀԳ. Ավելի ուշ Red Wings-ի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Հայաստանի մայրաքաղաք են ժամանել պահեստային ինքնաթիռով։
Ավիաընկերությունը բացատրել է, որ սկզբնական ինքնաթիռը Սամարայում վայրէջք է կատարել ինքնաթիռի երեք հիդրավլիկ համակարգերից մեկը վերահսկող համակարգում ցուցիչ լույսի պատճառով։
«Վայրէջքը ընթացել է բնականոն հունով, և ուղևորները շարունակել են իրենց ճանապարհորդությունը պահեստային ինքնաթիռով և արդեն վայրէջք են կատարել Երևանում։ Մենք ուղևորներից ըմբռնում ենք խնդրում ուշացման վերաբերյալ։ Անվտանգությունը Red Wings-ի բացարձակ առաջնահերթությունն է», - նշել են ընկերությունում։
Ընկերությունից հավելել են, որ ինքնաթիռում խուճապ չի եղել. միայն մի կին է որոշել ճանապարհը չշարունակել վատ ինքնազգացողության պատճառով։