ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ ՄԱԿ–ի ԳԱ 80–րդ նստաշրջանում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա` տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքների` դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։
ՀՀ ղեկավարի խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպումները պարբերական բնույթ են կրում և վստահության շարունակական աճի մակարդակ կա։
«Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունը տեսանելիորեն ընդլայնվում է` այս համատեքստում կարևորելով Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և հիշեցնելով, որ 30 տարվա անկախությունից ի վեր ՀՀ–ն դիվանագիտական երկխոսություն չի ունեցել այս երկրների հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական սահմանը, Անկարայի նախաձեռնությամբ, փակ է 1993 թվականից։ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով իրենց հատուկ ներկայացուցիչներին։
2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկեցին կարգավորման հետագա գործընթացը, վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը՝ վերջնարդյունքում դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և երկու երկրների միջև սահմանների բացմամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեցին Նյու Յորքի «Թուրքական տանը» և ընդգծեցին առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու և հարաբերություններին նոր լիցք հաղորդելու պատրաստակամությունը։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան ժամանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» սահմանային անցակետում նրան դիմավորեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վեցերորդ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկեցին հարաբերությունների կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ սահմանային անցմանը վերաբերող 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը։