ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի Արաքս գյուղում այսօր` ժամը 19:40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan-com–ը։
Կայքի փոխանցմամբ` դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան ասաց, որ նման ահազանգ ունեն։
«Նախնական տվյալներով` կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ: Հանգամանքները պարզվում են»,– նշեց Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով` վիրավորում ստացած անձը մահացել է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակոցից մահացածը 39–ամյա Մասիս Ասատրյանն է։ Նաամուսնացած էր, ունի երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ:
Հիշեցնեք` այս տարի սա արդեն 3–րդ դեպքն է Արմավիրի մարզում։ Փետրվարին Արմավիր մարզի Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի հորաքրոջ տղան` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։
Օրեր առաջ` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան էլ Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։