ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Վերջին 5 ժամվա ընթացքում արեգակի վրա արձանագրվել են M կարգի ուժեղ բռնկումներ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի կայքը։
«Արեգակի վրա սեպտեմբերի 26–ին` օրվա երկրորդ կեսից, նկատելի աշխուժություն է նկատվում։ Վերջին հինգ ժամվա ընթացքում գրանցվել են M դասի երկու ուժեղ բռնկումներ, որոնք դասակարգվել են ստորին սահմանում, ինչպես նաև մի քանի ցածր մակարդակի «C» դասի իրադարձություններ։ Չի կարելի ասել, որ ակտիվության պոռթկումն արդեն ապշեցուցիչ է, բայց հաշվի առնելով, որ նախորդ մի քանի օրերին արևը հիմնականում ուղիղ գծեր էր գծում, տարբերությունն աչքի է ընկնում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ առայժմ ակտիվության աճը դիտարկվում է որպես լոկալ, այսինքն՝ որպես կարճաժամկետ արձագանք էներգիայի միանգամյա արտանետումներին: Միևնույն ժամանակ, դիտարկվող գործընթացների բնույթը` ներառյալ սկավառակի եզրին և կենտրոնում գտնվող ակտիվ կենտրոնների միջև սինքրոնացումը, այնքան էլ չի տեղավորվում այս սցենարի մեջ: Կարելի է տեսնել նաև գլոբալ համակարգային աճի նշաններ։