ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok սոցցանցը ամերիկացի ներդրողներին վաճառելու գործարքի մասին:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրման արարողության ժամանակ նշել է, որ գործարքի կնքումից հետո ընկերությունը կարժենա մոտ 14 մլրդ դոլար:
Նրա խոսքով` ամենակարևորն այն է, որ սա (գործարքը` խմբ.) պաշտպանում է ամերիկացիների տվյալների անվտանգությունը և երաշխավորում է, որ TikTok-ը հասանելի կմնա, իսկ ամերիկյան կազմակերպությունն ու ամերիկացի ներդրողները փաստացի կվերահսկեն ալգորիթմը:
Ավելի վաղ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հույս ունի նպաստել Չինաստանի հետ առևտրային համագործակցությանը, կաջակցի երկկողմ խորհրդակցություններին TikTok-ի հետ կապված հարցի պատշաճ լուծման համար: ՉԺՀ նախագահն իր հերթին նշել էր, որ TikTok-ի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է. Պեկինը հարգում է ընկերությունների ցանկությունները և ուրախ է, որ նրանք բանակցություններ են վարում շուկայական կանոնների հիման վրա:
TikTok-ը կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու հավելված է, պատկանում է չինական ByteDance ընկերությանը: Թողարկվել է 2018 թվականին և առաջատար է դարձել է Չինաստանում կարճ տեսանյութերի հավելվածների ոլորտում։ Այն նաև մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում:
ByteDance-ը շնորհակալություն է հայտնել երկու երկրների ղեկավարներին` ԱՄՆ-ում սոցցանցի աշխատանքը շարունակելուն ուղղված ջանքերի համար և հայտարարել է, որ կաշխատի օրենսդրությանը համապատասխան: