ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ
«Կինոյի և թատրոնի տաղանդավոր ռեժիսոր, խարիզմատիկ դերասան և հեռուստահաղորդավար Տիգրան Էդմոնդովիչը ընդմիշտ գրեց իր անունը Ռուսաստանի պատմության մեջ, հարստացրեց նրա մշակույթը։ Հատուկ կցանկանայի նշել նրա սկզբունքային քաղաքացիական դիրքորոշումը, նրա ջանքերը միջազգային և արտաքին քաղաքական օրակարգի լուսաբանման հարցում։ Տիգրան Էդմոնդովիչի երկարամյա աշխատանքն ի բարօրություն հայրենիքի լայն ճանաչում է ստացել հասարակության շրջանում և իրավամբ արժանացել է բարձր պատվավոր կոչումների։ Ջերմությամբ հիշում եմ մեր շփումը։ Նախարարության կոլեկտիվի անունից, անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում», – ասվում է նամակում։
Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում ` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։