Փհենյանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ակտիվությունը սադրիչ բնույթ ունի․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն այլընտրանք չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) դեմ ուղղված ԱՄՆ-ի և նրա ասիական դաշնակիցների ռազմական ակտիվության սադրիչ բնույթի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Հենի հետ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Կորեական թերակղզում ստեղծված իրադրության համատեքստում ռուսական կողմից մատնանշվել է ԿԺԴՀ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի և նրա ասիական դաշնակիցների ռազմական ակտիվության սադրիչ բնույթը, Փհենյանի վրա պատժամիջոցների և ուժային ճնշումն ավելացնելու նրանց քաղաքականությունը»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։
Լավրովը նաև շեշտել է, որ Կորեական թերակղզում ստեղծված իրադրությանը զուգահեռ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությանը վերադառնալն այլընտրանք չունի։ Դա պետք է արվի՝ ի շահ Հյուսիսարևելյան Ասիայում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման հուսալի մեխանիզմի կառուցման: