Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված, կատարվում է խուզարկություն

Ըստ իրավապահների՝ տեղի ունեցած սպանությունը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Մերձավանում կատարված սպանության գործով ձերբակալված անձ կա։ 24news-ի հետ զրույցում հայտնեց քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։
«Կա ձերբակալված անձ։ Բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացներ։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- նշեց Վարդանյանը։
Նա շեշտեց, որ քաղաքական որևէ տարր տեղի ունեցածի մեջ չկա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։