ՄԱԿ-ը պաշտպանում է ՌՀՍՊ-ի սահմանափակումները երկարացնելու՝ Ռուսաստանի առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, այդ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ն աջակցում է զինաթափման հիմնական պայմանագրերի գործողության ցանկացած երկարաձգմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 22-ին երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին, ինչը նշանակում է հրթիռա-միջուկային ներուժի ուղղակի սահմանափակումների վերաբերյալ վերջին միջազգային համաձայնության ոչնչացում: ՌԴ նախագահն ընդգծել է, որ տվյալ պայմանագրից ամբողջական հրաժարումը կազդի նաև միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա:
Արևմուտքը խարխլեց միջուկային զենք ունեցող պետությունների երկխոսության հիմքերը. Պուտին
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է 2026 թվականի փետրվարի 5-ից հետո մեկ տարի ևս պահպանել նշված պայմանագրի սահմանափակումները: Նա հավելել է՝ Ռուսաստանը որոշում կկայացնի պայմանագրի կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման մասին՝ համաձայն իրավիճակի վերլուծության։ Ըստ Պուտինի՝ պայմանագրով նախատեսված սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունավետ կլինեն, եթե ԱՄՆ-ն վարվի հայելային ձևով: