ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է` պաշտպանական բյուջեի նվազեցումը որոշիչ նշանակություն ունի։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով ընդդիմադիրների պնդումներին, թե Հայաստանը կատարում է Ադրբեջանի հերթական պահանջն ու նվազեցնում պաշտպանական բյուջեն, նոր սպառազինությունների ձեռքբերումը և այլն։
«Ի՞նչ, իրենք ենթադրում են, որ մենք պետք է մեր բյուջեն էնքան մեծացնենք, որ նավթ ու գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի հետ․․․ Ամբողջ բյուջեն էլ տրամադրենք․․․ Դա, կներեք, բայց դեմագոգիա է և մանկամտություն՝ «ով ավելի շատ փող ունի, նա է ճիշտ» տրամաբանությունը այդ պարագայում չի գործում։ Հետո էլ պարտադիր չի, որ դու շատ ծախսես, պարտադիր է, որ դու արդյունավետ ծախսես ու կարևորը` չգողանաս»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը պնդում է, թե բոլոր որոշումները կապ ունեն և կապ են ունենալու մեր երկրի շահերի հետ։ Շեշտում է՝ որևէ մեկի կողմից պահանջ չի եղել նվազեցնել պաշտպանական բյուջեն, որից ելնելով էլ նման որոշում է կայացվել։
«Բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահերով»,- ասաց Սիմոնյանը՝ այս համատեքստում նշելով նաև նոր Սահմանադրության ընդունումը։
Նա նաև չբացառեց, որ սահմանադրական բարեփոխումներից առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն կա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թ. ՀՀ պետական բյուջեի համեմատ` 2026 թվականին պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15,3 %–ով և կկազմեն 563,1 մլրդ դրամ: Բացարձակ թվերով կրճատումը կկազմի 101,5 մլրդ դրամ։