Չինաստանում փորձարկվել է աշխարհի ամենահզոր թռչող հողմային գեներատորը

Գեներատորը դիտարկվում է որպես Չինաստանի ներդրում համաշխարհային էներգետիկայի անցումային փուլում ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանում հաջողությամբ փորձարկվել է «S1500» թռչող հողմային գեներատորը, որը, «South China Morning Post» թերթի տվյալներով, այս տեսակի ամենահզոր սարքն է աշխարհում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Գեներատորը դիտարկվում է որպես համաշխարհային էներգետիկ անցումային փուլում Չինաստանի ներդրում։
«S1500»-ն իրենից ներկայացնում է օդային էլեկտրակայան, որն արտաքուստ հիշեցնում է բասկետբոլի խաղադաշտի չափերով 13 հարկանի շենքի բարձրությամբ դիրիժաբլ։ Կայանքն ունակ է արտադրել մինչև 1 ՄՎտ Էներգիա։
«Sawes Energy Technology» ընկերության գլխավոր տնօրեն և նախագծի գլխավոր մշակող Դուն Տյանժուին հայտարարել է, որ ծրագրի նպատակն է օդային տուրբինները դարձնել մատչելի մաքուր էներգիայի կարևոր մաս և վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհին առաջարկել «չինական լուծում»:
Ըստ «South China Morning Post» թերթի, գեներատորը օդ է բարձրանում հելիումի պատյանների միջոցով, իսկ էներգիան երկիր է փոխանցվում գերամուր մալուխների միջոցով: Նոր մոդելի թռիչքի բարձրությունը չի բացահայտվում, սակայն նախորդը՝ «S1000»-ը, 2025 թվականի հունվարին հասել է 1 կմ-ի՝ ապահովելով 100 կՎտ էներգիայի փոխանցում։
«S1500»-ի սերիական արտադրությունը և առաջին կայանքի միացումը էներգացանցին նախատեսված են 2026 թվականին։
Օդային հողմագեներատորների գաղափարը առաջացել է դեռ 1970-ականներին։ Նախկինում այս ոլորտում ուսումնասիրություններն իրականացվում էին ԱՄՆ-ում և Եվրոպայում, այսօր աշխարհի ավելի քան 50 ընկերություններ զբաղվում են նմանատիպ համակարգերով: